Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դենիս Լեբեդևին պարտադրում է մրցակցել Յունիեր Դորտիկոսի հետ, ով հայտնի է որպես վառ արտահայտված պանչեր ու առայսօր չունի պարտություն (միայն կոլումբիացի Էդիսոն Միրանդային է հաջողվել կուբացու հետ պայքարում դիմանալ տասներկու ռաունդ)։ Նկատենք, որ պակաս վառ պանչեր չէ և ռուսը: Նա էլ իր հերթին ունեցած քսան մարտից տասնինը շահել է նոկաուտով: Կասկած չկա, որ այս դիմակայությունը համաշխարհային բռնցքամարտի վերջին ժամանակների լավագույն մարտերից մեկը կլինի հաստատ: Իհարկե, Լեբեդևի համար շատ ավելի նախընտրելի կլիներ մարտը ղազախստանցի Բեյբուտ Շումենովի հետ, սակայն պարտադիր հավակնորդը դեռևս ամբողջությամբ չի վերականգնվել վնասվածքներից: Ավելացնենք, որ մինչ այժմ Դենիս Լեբեդևը վեց անգամ հաջողությամբ պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ